Միջոցառումներ - 2015

Թանգարանում անցկացվեց Ամանորի ուրախ հանդես: Այս անգամ թանգարանն իր հյուրընկալ հարկի տակ ընդունել էր կրթական ծրագրերին մասնակցած`«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության նկարչության խմբակի սաներին: Որպես կրթական ծրագրերի եզրափակում կազմակերպվեց «Ավ. Իսահակյանի հեքիաթները և առակները» նկարչական աշխատանքների ցուցադրություն, որը մեկ ամիս շարունակ կմնա թանգարանում: Ուրախալի էր, որ երեխաները գեղեցիկ ու գունեղ նկարելուց բացի կարողանում էին հետաքրքիր մեկնաբանել և ներկայացնել իրենց աշխատանքները: Միջոցառման վերջում ներկաներին սպասվում էր հաճելի անակնկալ` ամանորյա շնորհավորանքներով, բարեմաղթանքներով ու նվերներով հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:  

Այսօր թանգարանը հյուրընկալել էր Գավառի Կարմիր գյուղի թիվ 2 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին: Մեծանուն գրողի` Ավ. Իսահակյանի 140-ամյակի առթիվ աշակերտները պատրաստել էին գեղեցիկ գրական-երաժշտական կոմպոզիցիա: Իրենց դպրոցում միջոցառումն անցկացնելուց հետո նրանք որոշել էին այցելել նաև Վարպետի տուն-թանգարան` ելույթ ունենալ բանաստեղծի հարկի տակ: Թանգարանի տնօրինությունը սիրով ընդունեց և լսեց նրանց:  

Եղեռնի 100-րդ տարելիցին և Ավ. Իսահակյանի ծննդյան 140 ամյակին նվիրված հերթական արտագնա դասախոսությունն անցկացվեց Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում: Զեկուցումով հանդես եկան Ռ. Մեսրոպյանը «Ավ, Իսահակյանը և Հայոց մեծ ողբերգությունը» և Ա. Ավետիսյանը «Ազգային ազատագրական պայքարը և Ավ. Իսահակյանի «Հայդուկի երգեր» շարքը» թեմաներով:  

Թանգարանում իրականացվեց Վարպետի ծննդյան 140 ամյակին նվիրված հերթական միջոցառումը, որի նախաձեռնողը «Վարդանանք» ակումբն էր (նախագահ` Սաթենիկ Աբրահամյան):
Ուսանողները ներկայացրին Վարպետի կյանքն ու ստեղծագործական ընթացքը: Հնչեցին բանաստեղծական և երաժշտական գեղեցիկ կատարումներ:  

Թանգարանում կազմակերպվեց հանդիպում բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանի հետ: Ելույթ ունեցան Հովհաննես Այվազյանը, Գառնիկ Շախկյանը և այլք: Ներկաները գնահատանքի ջերմ խոսքեր ասացին գրողի կյանքի և անցած ուղու մասին` արտասանելով նրա բանաստեղծությունները:  

Մեծ Վարպետի` Ավետիք Իսահակյանի, ծննդյան 140 ամյակին նվիրված հերթական դասախոսությանը թանգարանում մասնակցեց ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բգթ. Անահիտ Վարդանյանը: Թեման շատ հետաքրքիր էր. «Ավ. Իսահակյանը և պարսից միջնադարյան գրականությունը»: Ներկաներից քչերը գիտեին, որ Վարպետը բնագրից թարգմանել է Հաֆիզ` իրենց հարևան պարսիկ բեյից դասեր առնելով: Դասախոսության ընթացքում տիկին Վարդանյանը հաղորդեց շատ ուշագրավ մանրամասներ մեծ գրողի կյանքից, որոնք կրկին հաստատեցին Իսահակյանի նախասիրությունները արևելյան մշակույթի և փիլիսոփայության նկատմամբ:  

Մեծանուն գրող Ավ. Իսահակյանի ծննդյան 140 ամյակի առթիվ թանգարանն այս տարի գործեց «Ավ. Իսահակյանի հայրենասիրական դասերը» կարգախոսով` կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ, դասախոսություններ և կրթական ծրագրեր, որոնք ուղղված էին նաև հայոց մեծ ողբերգության` Եղեռնի, իսահակյանական ոգեկոչմանն ու հիշատակմանը:
Վարպետի ծննդյան օրը, թանգարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Իսահակյանի անմահ գրական ժառանգության երկրպագուներ, հարազատներ և բարեկամներ: Ներկաներին ողջունեց թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը: Այնուհետև ելույթ ունեցան Վարպետի թոռը` Ավիկ Իսահակյանը, ԵՊՀ գրականության ամբիոնի վարիչ, բգդ Սամվել Մուրադյանը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բգդ Վարդան Դևրիկյանը, բանաստեղծներ Ռուզան Ասատրյանը, Լևոն Բլբուլյանը և այլք: Ելույթ ունեցողներն իրենց մեծարանքի և երախտագիտության խոսքում նշեցին, որ մեծ բանաստեղծի կյանքն ու գործը նրա խոր և իմաստուն մտքերն այսօր էլ հայրենասիրության վառ օրինակ և կյանքի մեծ դասեր են մեր ժողովրդի համար:
Միջոցառման վերջում հնչեցին ինչպես Իսահակյանի խոսքերով, այնպես էլ այլ երգեր` երիտասարդ և շնորհալի երգիչներ Իրինա Գուլամբարյանի, Հովհաննես Գրիգորյանի, Ալեքսանդր Ժույկովի, Նունե Գրիգորյանի կատարմամբ: Նվագակցում էր Գոհար Մուրադյանը:  

Հոկտեմբերի 28-ին թանգարանում հյուրընկալվեցին Տաթևի վանական համալիրի հոգևոր առաջնորդ` Հայր Միաքայել վարդապետ Գևորգյանը և վանքի վանական երգչախումբը` Լուսինե Սարգսյանի ղեկավարությամբ: Հնչեցին շարականներ Սուրբ պատարագից, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործությունները, որոնցից մի մասը կատարվեց զանգակների ուղեկցությամբ:
Ներկաներին հիացրին երեխաների գեղեցիկ և ինքնատիպ կատարումները:  

Թանգարանի ավագ գիտաշխատող Արմինե Ավետիսյանը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կավագործության խմբակում իրականացրեց կրթական ծրագիր` «Ավ. Իսահակյանի առակներն ու հեքիաթները» թեմայով:  

Գյումրիի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում, Վարպետի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցեց նաև Երևանի տուն-թանգարանը` կազմակերպելով ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացված էին Ավ.Իսահակյանի անձնական իրերը և հագուստը:  

Եղեռնի 100-րդ տարելիցին և Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակին նվիրված արտագնա դասախոսությունն այս անգամ անցկացվեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում: Զեկուցումով հանդես եկան թանգարանի գլխավոր ֆոնդապահ, բ.գ.թ. Անժելա Խորենյանը. «Ազգային ազատագրական պայքարի անդրադարձը Ավ. Իսահակյանի «Ուստա Կարո» անավարտ վեպում», իսկ հանրահռչակման և ցուցադրությունների բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը` «Ավ. Իսահակյանը և հայոց մեծ ողբերգությունը» թեմայով: Հանդիպման վերջում, իսահակյանական երգով և բանաստեղծությամբ ներկաներին ողջունեցին դպրոցի շնորհալի աշակերտները:  

 

«Վարդանանք» ակումբի սաները (նախագահ` Ս. Աբրահամյան) Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կազմակերպել էին հանդիպում Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Թանգարանը մարդաշատ էր. ներկա էին ինչպես ուսանողներ, այնպես էլ միջին և բարձր տարիքի մարդիկ:
Հերոսի հետ ամեն հանդիպում միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ: Ներկաներն Արկադի Տեր-Թադևոսյանին ուղղում էին իրենց հուզող շատ հարցեր, որոնց Հերոսը տալիս էր սպառիչ պատասխաններ: Հանդիպումն անցավ ջերմ և հայրենասիրական մթնոլորտում:  

Կրկին մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Մեծ բանաստեղծի մահվան 58-րդ տարելիցի առթիվ Վարպետի շիրիմին էին այցելել Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները և նրա անունը կրող դպրոցի աշակերտները:
Իրենց հարգանքի տուրքը մատուցելուց հետո, մասնակիցներն այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ Իսահակյանի անունը կրող դպրոցի աշակերտները ներկայացրին շատ գեղեցիկ և հուզիչ միջոցառում: Ներկաները թանգարանից հեռացան` լցված Իսահակյանական ոգով և բարձր տրամադրությամբ:  

Թանգարանում տեղի ունեցավ «Հայ հեքիաթագրության պատմությունը. Ավետիք Իսահակյանի հեքիաթները» թեմայով դասախոսություն` նվիրված գրողի ծննդյան 140 ամյակին: Դասախոսությունը վարեց բ.գ.թ. Լուսինե Հայրիյանը:
Երիտասարդ բանախոսը հեքիաթների պատմության հետաքրքիր վերլուծություն կատարեց` սկսած հին ժամանակներից, մինչև Ավ. Իսահակյանի հեքիաթները:
Ունկնդիրները մեծ հետաքրքրությամբ լսեցին զեկուցումը` ուղղելով նրան թեմային առնչվող բազմաթիվ հարցեր:  

 

Կրթական ծրագրերի շրջանակներում՝ մարզերում նախատեսված դասախոսությունը` նվիրված Եղեռնի 100-րդ տարելիցին և Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակին, այս անգամ անցկացվեց Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի միջնակարգ դպրոցում: Զեկուցումներով հանդես եկան թանգարանի ավագ գիտաշխատող Արմինե Ավետիսյանը՝ «Ազգային ազատագրական պայքարը և Ավ. Իսահակյանի «Հայդուկի երգեր» ժողովածուն» թեմայով և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը՝ «Ավ. Իսահակյանը և հայոց մեծ ողբերգությունը» խորագրով:  

 

Եվրոպական ժառանգության օրերը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում  

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ թանգարանում տեղի ունեցավ հանդիպում գրականագետ, լրագրող Գայանե Աթանեսյանի հետ:
Հեղինակը ներկայացրեց իր` «Ապրելը հաղթել է» գիրքը, որտեղ ներկայացնում է Ռուբեն Սևակի նահատակության հերոսական պատմությունը, ինչպես նաև մի քանի թուրք հայագետների հետ իր ունեցած հանդիպումների վերլուծությունները:  

Անցկացվեց «Աշխարհն Իսահակյանի պատուհանից» խորագրով ամառային դպրոց կրթական ծրագիրը: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 10 սաները հինգ անմոռանալի օր անցկացրեցին մեծ բանաստեղծի տուն-թանգարանում: Մասնակցում էին ինչպես թանգարանի աշխատակիցները, այնպես էլ հրավիրված անկախ փորձագետներ: Երեխաների հետ աշխատեցին գրականագետ Անժելա Խորենյանը, բնագետ Հովսեփ Հովսեփյանը, թանգարանի գիտաշխատողներ Ցողիկ Նազարյանը, Արմինե Ավետիսյանը, Մարիամ Սոխակյանը, Ջեմմա Մելքոնյանը, և սոց-մանկավարժ Լիլիթ Մատինյանը: Ծրագիրը համակարգեց թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների բաժնի վարիչ Ռուզան Մեսրոպյանը: Դասընթացները տեղի ունեցան ամեն օր 3 ժամ տևողությամբ: Երեխաները ծանոթացան թանգարանին, թանգարանում վարվեցողության կանոններին, իսկ կազմակերպված թեմատիկ պարապունքները, որոնք առնչվում էին գրողի կյանքին, ստեղծագործություններին, բնության, երաժշտության հետ նրա կապին, ինչպես նաև այցելությունը Արամ Խաչատրյանի տուն-թանգարան հնարավորություն տվեցին երեխաներին իրենց ամառային արձակուրդների մի փոքր ժամանակահատված անցկացնել ավելի արդյունավետ, ձեռք բերել կարևոր փորձ և գիտելիքներ, ինչը և ծրագրի նպատակն էր: Ծրագրի ավարտին երեխաները նվերներ ստացան թանգարանի կողմից:  

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում թանգարան այցելեցին ԵՊՀ Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտացման II կուրսի ուսանողները` դոցենտ Տ. Սարգսյանի, ասիստենտ Հ. Սայադյանի, դասախոսներ Ի. Սահակյանի, Վ. Անդրեասյանի, Ժ. Մնացականյանի և Մ. Գևորգյանի ղեկավարությամբ: 

Անմոռաց օր Ավ. Իսահակյանի անունը կրող դպրոցի շրջանավարտների, ուսուցիչների և ծնողների համար: Թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը և դպրոցի փոխտնօրեն Գոհար Գալստյանը հանձնում են ավարտական վկայականները: 

 Հերթական դասախոսությունը նվիրված էր հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակին: Զեկուցումով հանդես եկավ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող բ.գ.թ. Անահիտ Վարդանյանը: Բանախոսը շատ հետաքրքիր մանրամասներ հաղորդեց գրողի կյանքի և ստեղծագործության մասին, պատասխանեց ունկնդիրների հարցերին: Ներկաները մեծ հաճույքով լսեցին բանախոսի հուզիչ և հետաքրքիր խոսքը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեղի ունեցավ միջոցառում` «Վասպուրիկ» խամաճիկների թատրոնի մասնակցությամբ, ղեկավար` Աննա Սարգսյան: Կազմակերպվեց նաև «Իսահակյանի առակները և հեքիաթները» կրթական ծրագրի շրջանակներում` Նաիրի Զարյանի անվան դպրոցի սաների նկարչական աշխատանքների, ինչպես նաև հուշարձանների պահպանության օրվան նվիրված` Վարպետի հուշարձանի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում «Ղողանջ» ՀԿ-ի սաների նկարած նկարների ժամանակավոր ցուցահանդեսը: Միջոցառումն անցավ շատ ջերմ և ուրախ մթնոլորտում, որը իսկական տոն դարձավ թե երեխաների, թե նրանց ծնողների համար: Միջոցառման ավարտին թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը մասնակից  կազմակերպություններին հանձնեց շնորհակալագրեր:

 

Մայիսի 23 Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը դարձյալ մարդաշատ էր. տեղի ունեցավ «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան» խորագրով միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 23-րդ տարելիցին և Հայրենական պատերազմի 70 ամյակին: Մասնակցում էին «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները ղեկավար Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտի հերոսների հարազատները. Թաթուլ Կրպեյանի քույրը՝ Ռուզան Կրպեյանը, Զաքար Ավանիսյանի մայրը՝ Կարինե Ավանիսյանը և Վարդան Բախշյանի քույրը՝ Աննա Բախշյանը: Միջոցառումն անցավ հայրենասիրական մեծ շնչով և ոգևորությամբ:

Թանգարանների միջազգային օրվա առթիվ թանգարանում կազմակերպվեց «Հայրենասիրության դասեր. 1915 թվականի իքնապաշտպանական մարտերը» խորագրով բաց-դաս, որին մասնակցում էին Ավ. Իսահակյանի անվան ավագ դպրոցի աշակերտները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել մեր պատմության ոչ միայն ողբերգական, այլև հերոսական էջերը: Ակնհայտ էր, որ աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել միջոցառման գաղափարին, հուզիչ էր հատկապես ավարտը` «Հիշում եմ և պահանջում եմ» երդումով:

Մայիսի 16-ին մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիան: Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանը մասնակցեց հետևյալ ծրագրով.

Մայիսի 16
11:00-24:00

Ավ. Իսահակյանի անձնական գրադարանի Հայկական հարցին և Հայոց ողբերգությանը վերաբերող` հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն գրքերի ցուցադրություն:

17:00

Գրական-երաժշտական հանդես  «Դու հավերժող իմ Հայաստան»: Մասնակցում են Երևանի մանկավարժական համալսարանի նախադպրոցական բաժնի ուսանողները և Երևանի թիվ 5 մանկապարտեզի սաները:

19:00

Համերգ նվիրված Եղեռնի 100 ամյակին: Մասնակցում են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողները: Ղեկավար` Ալինա Փահլևանյան:

20.00

 «Eweroun» երիտասարդական խմբի համերգ:

21:00

Ֆիլմի ցուցադրում` Վերժինե Սվազլյանի  «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայությոններ» գրքի և Սվազլյան գերդաստանի հայրենանվեր գործունեության մասին:

Օրվա ընթացքում թանգարանն ունեցավ բազմաթիվ այցելուներ ինչպես մայրաքաղաքից և հանրապետության մարզերից, այնպես էլ արտերկրից` Բրազիլիա, Սիրիա, Գերմանիա Ռուսաստան, Վրաստան, Հնդկաստան և այլն:

Մայիսի 8

Թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն «Հայրենական պատերազմը հայ գրականության մեջ» թեմայով: Զեկուցումով հանդես եկավ բ.գ.դ. Մարգարիտ Խաչատրյանը: Տիկին Խաչատրյանը շեշտեց, որ Հայրենական պատերազմը մեծ հետք թողեց ինչպես հայ ժողովրդի պատմության, այնպես էլ հայ գրականության մեջ: Նա կարևորեց այն, որ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը տվեց այնպիսի քաջ զավակներ, որոնց ռազմական սխրանքները հայրենասիրության դասեր դարձան մեր նորօրյա հերոսների համար:
Դասախոսության վերջում ասմունքող Գայանե Սամվելյանը կարդաց մեր անվանի գրողների` Ավ. Իսահակյանի, Հովհ. Շիրազի, Գ. Սարյանի, Հովհ. Գրիգորյանի հայրենաշունչ ստեղծագործությունները` նվիրված Հայրենական մեծ պատերազմին:

Կրթական ծրագրերի շրջանակներում մարզերում նախատեսված դասախոսությունները` նվիրված Եղեռնի 100-րդ տարելիցին և Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակին անցակցվեցին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 8 ավագ և Սանահին գյուղի թիվ 4 հիմնական դպրոցներում: «Հայրենասիրության դասեր» խորագրով «Հայդուկի երգեր» շարքը և ֆիդայական շարժումը» թեմայով զեկուցումով հանդես եկավ թանգարանի ավագ գիտաշխատող Սոնա Խեչիկյանը:

Թանգարանում կայացավ համերգ` նվիրված Եղեռնի 100 ամյակին: Համերգին մասնակցում էին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները` Ալինա Փահլևանյանի գլխավորությամբ: Ելույթ ունեցան` Իրինա Գուլանբալյանը, Անդրեաս Բադալյանը, Իզաբելլա Մանուսաջևան և Նունե Գրիգորյանը: Նվագակցում էր Դիանա Խաչատրյանը:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում թանգարանում կայացավ ֆրանսերեն-հայերեն ընթերցումներ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գրքից: Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ-ի ռոմանո-գերմանական ֆակուլտետի ուսանողները: Հարկ է նշել, որ թարգմանությունները կատարել էր նշված ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անի Աբրահամյանը: Միջոցառումն անցկացվեց թանգարանի գեղեցիկ այգում, որն ավելի ոգևորեց և հմայեց մասնակիցներին:

   

Հուշարձանների պահպանության միջազգային օրվա առիթով Ավ. Իսահակյանի արձանի մոտ տեղի ունեցավ միջոցառում, որը սկսվել էր օրեր առաջ` «Ղողանջ » ՀԿ-ի սաների այցով` թանգարան: Երեխաները ծանոթացան Վարպետի թանգարանին` տեղեկանալով նաև, որ թանգարանի շենքը ընդգրկված է ՀՀ Երևան քաղաքի պատմական և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Միջոցառումը շարունակվեց Ավ. Իսահակյանի արձանի մոտ, որտեղ երեխաները թղթին հանձնեցին թանգարանից ստացած տպավորությունները: Միջոցառումն անմիջապես գրավեց անցորդների ուշադրությունը: Շատերը մեծ հետաքրքրությամբ դիտեցին երեխաների նկարները, ունկնդրեցին Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված հոգեթով երգերը, իսկ թանգարանի աշխատակիցները անցորդներին բաժանեցին թերթիկներ` հայկական հուշարձանների մասին Վարպետի ասույթներով:
Արձանի շրջակայքում կազմակերպվեց  նաև գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն` նվիրված հայկական պատմական հուշարձաններին:

   

Թանգարանում շարունակվում են Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումները: Հերթական հանդիպումը սկսվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահար Ռուզաննա Աբրահամյանի ելույթով: Հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և հատվածներ Պատարագից:
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական խմբի ուսանողները, ովքեր ներկայացրին «Իսահակյանը և հայկական հարցը» գրքից հատվածներ` նվիրված հայկական հարցին և հայոց ողբերգությանը: Ընթերցվեց նաև ազատամարտիկ Դավիթ Բոյաջյանի որդի Արտավազդ Բոյաջյանի նամակը` գրված հայկական բանակից, որը հայրենասիրության մի յուրօրինակ կոչ էր:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ «Իսահակյանը և հայոց ողբերգությունը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Թանգարանում տեղի ունեցավ ՀՀ-ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանագետ, բանահավաք, բ.գ.դ. Վերժինե Սվազլյանի «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հայոց մեծ ողբերգության 100-րդ տարելիցին: Թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը խոսեց Սվազլյան տոհմի հայանպաստ գործունեության մասին` շեշտելով, որ այդ տոհմի յուրաքանչյուր ներկայացուցիչ ապրել ու գործել է «Ինձի համար հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է» հավատամքով, որն էլ մեծ պատասխանատվությամբ շարունակում է նաև Վերժինե Սվազլյանը: Այնուհետև խոսքը տրվեց Վերժինե Սվազլյանին, որը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը և անակնկալ մատուցեց թանգարանին՝ իրականացնելով իր հոր՝ Գառնիկ Սվազլյանի վաղեմի ցանկությունը. նվիրեց այն փղոսկրյա, Նեֆերտիտիի գլխով թղթահատը և փոքրիկ արձանիկը, որ իր հայրը բերել էր Եգիպտոսից և ցանկացել էր նվիրել Վարպետին: Թանգարանն էլ իր հերթին հաճելի անակնկալ մատուցեց տիկին Վերժինեին` ցուցադրելով հոր` Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» գիրքը՝ Ավ. Իսահակյանին ուղղված ընդարձակ նամակով, որը պահվում էր Իսահակյանի անձնական գրադարանում:
Հանդիպումն անցավ շատ ջերմ և հուզիչ մթնոլորտում: Ներկաները հնարավորություն ունեցան տիկին Վերժինեից լսելու Եղեռնից հրաշքով փրկված ականատեսների սրտառուչ պատմությունները:

Թանգարանում տեղի ունեցավ «Ավ. Իսահակյան 140. Ճանաչենք մեր մեծերին խորագրով» խաղ-վիկտորինայի եզրափակիչ փուլը: Մասնակցում էին հետևյալ թիմերը.ԿԳ-ի «Մանկական Գրականության» բաժին - «Ուսմունք», թիվ 15 գրադարան մասնաճյուղ «Արագած», թիվ 27 գ/մ - «Վարպետ», թիվ 28 գ/մ - «Անի». թիվ 29 գ/մ - «Կռունկ», Ջ.Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի - «Բյուրակն»: Հաղթեց թիվ 29 գ/մ - «Կռունկ» թիմը:

Մարտի 26-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի շահառու Վալյա Մարգարյանի ` «Ճաք է տվել լռությունս» գրքի շնորհանդեսը:
Հյուրերը ջերմ խոսքերով ողջունեցին հեղինակին` մաղթելով ստեղծագործական հետագա հաջողություններ:

Թանգարանում կայացավ համերգ նվիրված անվանի մանկավարժ, պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանի հիշատակին: Մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողները Ալինա Փահլևանյանի գլխավորությամբ:
Ուշագրավ և հուզիչ էր, որ անվանի պրոֆեսորի հիշատակին նվիրված համերգը կազմակերպել և ղեկավարում էր նախկին ուսանողուհի` Ալինա Փահլևանյանը:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում ` նվիրված գարնան, մայրության և գեղեցկության տոնին: Ելույթ ունեցան ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի և Երևանի բժշկական համալսարանի ուսանողները: Մասնակիցները ներկայացրին շատ գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ` օրվա խորհրդին համահունչ:

Փետրվարի 21-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մայրենիի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ուսանողները: Հնչեցին մայրենիին նվիրված ստեղծագործություններ և ազգային երգեր: Միջոցառման վերջում մասնակիցներին հուզիչ խոսքը հղեց ակումբի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը:

«Իսահակյանի հեքիաթները» կրթական ծրագրի շրջանակներում փետրվարի 15-ին թանգարանի այցելուներն էին  Նաիրի Զարյանի անվան դպրոցի 5-րդ դասարանցիները: Ճանաչողական էքսկուրսիայից հետո երեխաները թանգարանի աշխատակցի ընթերցմամբ ծանոթացան Իսահակյանի հեքիաթներին, այնուհետև վերլուծեցին և բեմադրեցին «Ամենապիտանի բանը» հեքիաթը:

 

Գրական-մշակութային ծրագրի շրջանակներում թանգարանում անցկացվեց այս տարվա առաջին հանդիպումը գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի հետ: Գրողը խոսեց իր վերջին` «Կոմիտասի հետմահու գողգոթան» գրքի ստեղծագործական պատմության մասին:
Ներկաները մեծ հուզմունքով լսեցին հետաքրքիր մանրամասներ անմահ Կոմիտասի կյանքից: Գրիգոր Ջանիկյանը գիրքը նվիրել է Եղեռնի 100-ամյակին:












Էջի սկիզբ