ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ »» ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ



     

Թանգարանն ունի բավականին հարուստ հավաքածու: Այստեղ պահպանվում են բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող 10 հազարից ավելի ֆոնդային արժեքներ` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, քանդակներ, գեղանկարներ, անձնական իրեր, բազմաթիվ վավերագրեր, այլ փաստաթղթեր, կենցաղային առարկաներ: Տարեցտարի թանգարանը համալրվում է նոր հավաքածուներով...
Այս ամենը գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում է հանրությանը:
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում բանաստեղծի հարուստ գրադարանը, որտեղ կան և’ հայերեն հին հրատարակություններ Իսահակյանի հայրական տան հավաքածուից, և’ օտար` ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն լեզուներով գրքեր: Դրանք ոչ միայն համաշխարհային գրականության մեծերի ստեղծագործություններն են, այլև վերաբերում են գիտության և արվեստի ամենատարբեր բնագավառներին, որոնք գաղափար են տալիս բանաստեղծի նախասիրությունների մասին: Առանձնապես կարևոր տեղ է գրավում հին գերմաներեն գրքերի հավաքածուն:

ԻՆՔՆԱԳՐԵՐ, ՁԵՌԱԳՐԵՐ


Մեծագույն ակնածանքով թանգարանը պահում ու պահպանում է մեծ բանաստեղծի ինքնագրերը, որոնք հավաքածուի ամենաարժեքավոր մասն են: Դրանք նամակներ են, ստեղծագործական մտահղացումներ, անտիպ գրառումներ, առանձին մտքեր: Այդ ձեռագրերը Վարպետի ստեղծագործ մտքի ու հոգու արգասիքն են, որոնք առավել ամբողջական պատկերացում են տալիս Իսահակյան բանաստեղծի, քաղաքացու, մտածողի աշխարհընկալման և ստեղծագործական աշխատանքի մասին: Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը իրականացնում է այդ ամենը պահպանելու և սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունը:

Նրա բոլոր ձեռագրերը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կոնսերվացվում են, թանգարանում` վերծանվում,  թվայնացվում և պահվում թթվայնություն չունեցող հատուկ թղթերի մեջ: Բուժվում, վերականգնվում են հիվանդ, հնամաշ գրքերը, գեղանկարները: Այն ամենը, ինչը կարող է ժամանակի ավերիչ փորձությանը ենթարկվել, այստեղ մեծ հոգածության  առարկա է:

Շատ հազվագյուտ օրինակներ այսօր Հայաստանում կարելի է գտնել միայն Իսահակյանի գրադարանում: Գրքերի մի մասը հայ մեծ երախտավորների` Եղիշե Չարենցի, Գուրգեն Մահարու, Ստեփան Զորյանի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի և այլոց մակագրություններով են: Անձնական գրադարանի շատ գրքեր կրում են բանաստեղծի ինքնագիրը, բազմաթիվ են գրքերի լուսանցքներում նրա արած մատիտանշումները: Այստեղ են պահվում բանաստեղծի ստեղծագործությունների տարբերի տարիների հրատարակությունները:

ԳԵՂԱՆԿԱՐ


 
  Մ. Սարյան.
Ավ. Իսահակյանի դիմանկարը. 1930



Թանգարանն ունի բավականին հարուստ գեղանկարների ֆոնդ: Հյուրասենյակի պատերը զարդարում են հայ անվանի նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հրաչյա Ռուխկյանի, Մհեր Աբեղյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Հարություն Աճեմյանի, Վաղինակ Ասլանյանի աշխատանքները, որոնք հեղինակները նվիրել են Վարպետին:

Սրանցից բացի, թանգարանում պահվում են ճանաչված այլ նկարիչների  գեղանկարչական և գրաֆիկական բազմաթիվ աշխատանքներ, որոնք ոչ միայն վարպետի դիմանկարներն են, այլև արված են նրա ստեղծագործությունների թեմաներով: Հյուրասենյակի զարդն է ‹‹Սասունցի Դավիթ›› գորգը` հայ գորգագործական արվեստի լավագույն նմուշներից մեկը, որը Հայաստանի կառավարության նվերն է Իսահակյանին ծննդյան 75-ամյակի առթիվ:







ԴԵԿՈՐԱՏԻՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐ


Թանգարանի այցելուներն այստեղ կարող են տեսնել բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր այլ ցուցանմուշներ ևս. ցուցադրվում է Գրիգոր Զոհրապի ‹‹Կյանքը ինչպես որ է›› ժողովածուն, որ հեղինակը նվիրել է Իսահակյանին հետևյալ մակագրությամբ. ‹‹Ամենահամակրելի խորհողին ու քերթողին` Ավետիք Իսահակյանին: Պոլիս, 1912թ.››:

 

Բավականին արժեքավոր է Եղիշե Չարենցի` Իսահակյանին նվիրած չինական արձանիկը /Շոու-Սին/: Պատվանդանի տակ Չարենցը մեխով փորագրել է. ‹‹Սիրելի Ավետիքին, Չարենց, 24 /VI 1937թ.››: Փարիզում հանդիպել են Ավետիք Իսահակյանը և ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան,  բանաստեղծուհին, ի հիշատակ այդ հանդիպումների, Վարպետին է նվիրել ռուսական մի սրբապատկեր:
Այցելուները հետաքրքրությամբ են դիտում նաև մանրանկարիչ Էդվարդ Ղազարյանի` մանրադիտակի տակ դրված աշխատանքը. բրնձի հատիկի վրա պատկերված է Աբու - Լալան` ուղտերի իր քարավանով:

Մարինա Ցվետաևայի նվերը
Ավ. Իսահակյանին


Հայտնի է, որ Ավետիք Իսահակյանը չափազանց մեծ հետաքրքրություն է ունեցել Արևելքի և նրա մշակույթի հանդեպ. նրա աշխատասենյակում` փոքրիկ պահարանում, ցուցադրվում է արտասահմանից բերված հնդկական և չինական արձանիկների հավաքածուի մի մասը: Այդ ինքնատիպ արձանիկները ժամանակին լուռ վկաներն են եղել Վարպետի ստեղծագործական ժամերի:

Հետաքրքիր է լուսանկարների ֆոնդը. դրանք վավերացնում են բանաստեղծի և նրա ժամանակակիցների կյանքը ապրած ժամանակի մեջ: Կենցաղային զանազան իրեր` հագուստ, կահույք,  կիրառական արվեստի առարկաներ, պատկերացում են տալիս Իսահակյանի ապրած կյանքի, նախասիրությունների, իր միջավայրի մարդկանց հետ ունեցած շփումների մասին: Բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կազմում են Իսահակյանի արխիվը, խոսուն վկայություններն են նրա հասարակական գործունեության: Այստեղ պահպանվում են նաև Իսահակյանի ընտանիքի անդամներին առնչվող բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ:

Լինել այս թանգարանում, տեսնել Ավ. Իսահակյանին առնչվող այս թանկ մասունքները և չհիանալ ու չհուզվել անկարելի է:

Էջի սկիզբ