Միջոցառումներ - 2025

Մարտի 27
Մարտի 27-ին Լայպցիգի գրքի ցուցահանդեսում պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը: Ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանի` ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: «Իսահակյանը ոչ միայն հայ գրականության մեծանուն ներկայացուցիչներից է, այլև եվրոպական մշակութային տարածքի հետ կապող յուրահատուկ կամուրջ։ Նրա ստեղծագործություններն արծարծում են ազատության, սիրո, հումանիզմի և համամարդկային արժեքների թեմաները, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր»,- իր խոսքում նշել է պարոն Քոչարյանը։ Ցուցադրվել է նաև «Վարպետը» անիմացիոն ֆիլմի գերմաներեն տարբերակը: Մարտի 28-ին տեղի ունեցավ նաև Ավ. Իսահակյանի ստեղծագործությունների գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որը թարգմանել էր Անահիտ Սահակյանը: |