Միջոցառումներ - 2025


«Իսահակյան–150» հոբելյանական համերգը Վարպետի պարտեզում Սեպտեմբերի 11-ին Վարպետի լեգենդար պարտեզը լեցուն էր երաժշտությամբ ու իսահակյանական գեղագիտությամբ։ Մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական համերգը միավորեց արվեստասեր հանրությանը՝ դեսպաններից ու մշակութաբաններից մինչև արվեստագետներ ու բարեկամներ՝ ունկնդրելու Մեծ գրողի խոսքերով գրված երգերն ու ռոմանսները։
Մեցցո-սոպրանո Ժենյա Հովսեփյանը (Էստոնիայից) և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը հոբելյանական համերգի ծրագրում ներկայացրին 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի դասական գունապնակը ներկայացնող անուններ՝ սկսած Կոմիտասից, ով Իսահակյանի ժամանակակիցն էր, մինչև Ռոմանոս Մելիքյան, Ավետ Տերտերյան, Էդուարդ Աբրահամյան, Էդվարդ Միրզոյան, ինչպես նաև՝ մեր ժամանակակիցները՝ Տիգրան Մանսուրյան և Գեղունի Չթչյան։ Համերգին հնչեցին նաև համաշխարհային պրեմիերաներ։
Միջոցառումը կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հոգածությամբ, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Սարեր» մշակութային կազմակերպության կարևոր աջակցությամբ՝ «Իսահակյան-150» հոբելյանական ծրագրերի շրջանակում։
Շնորհակալ ենք բոլոր հյուրերին և կամավորներին, որոնց ջանքերով այս մշակութային տոնը դարձավ հիշարժան։


Գլխավոր էջ | Էջի սկիզբ