
ԻՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԵՏԻՔ ՍԱՀԱԿԻ (30/10/1875, Ալեքսանդրապոլ /այժմ` Գյումրի/ - 17/10/1957, Երևան ), հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943-ից), ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1946): Իսահակյանի մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում:
Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքի դպրոցում:
1889-1892-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել բանաստեղծ Հ.Հովաննիսյանին: 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարանը` որպես ազատ ունկնդիր: Արտասահմանից աշխատակցել է ‹‹Տարազ›› և ‹‹Արաքս›› պարբերականներին: 1895-ին Իսահակյանը վերադարձել է հայրենիք, 1896-ին մեղադրվել հակացարական գործունեության մեջ, մեկ տարով բանտարկվել, ապա աքսորվել Օդեսա: 1897-ին կրկին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականություն և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք: 1908-ին նույն մեղադրանքով երկրորդ անգամ բանտարկվել է: Խուսափելով հալածանքներից` 1911-ին մեկնել է արտասահման: Երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, եղել Հունաստանում: 1936-ին Իսահակյանը վերջնականապես վերադարձել է Սովետական Հայաստան: 1944-57-ին Հայաստանի գրողների միության անփոփոխ նախագահը, արժանացել Լենինի երկու շքանշանի, ընտրվել ՀՍՍՀ II-IV գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ:
1897-ին լույս է տեսել Իսահակյանի առաջին գիրքը` ‹‹Երգեր ու վերքեր›› խորագրով: Սիրո, կարոտի մոտիվները նրա քնարերգության մեջ հնչեցին նոր որակով: Սերն իր բազմազան արտահայտություններով Իսահակյանի ինչպես առաջին, այնպես էլ հետագա շրջանի բանաստեղծությունների հիմնական թեմաներից մեկն է: Վաղ շրջանում գրված ‹‹Դարդս լացեք, սարի սմբուլ››, ‹‹Ամեն գիշեր իմ պարտեզում››, ‹‹Էս ճամփեն ոլոր-մոլոր›› և Շուշան յարին նվիրված սիրերգերի շարքին հետագայում ավելացան ‹‹Զարոյի երգը››, ‹‹Հոգի կուտամ, հոգի տուր ինձ›› և այլ բանաստեղծություններ: Սիրերգերում Իսահակյանը հաճախ օգտագործում է մեր միջնադարյան տաղերգուների արտահայտչաձևերը: Իսահակյանի սիրային որոշ երգեր հնչում են սոցիալական երանգով: Դրանցում որոշակի է լսվում բանաստեղծի բողոքի ձայնը ‹‹զուլում աշխարհի›› դեմ: Իսահակյանի սիրո թեմատիկան ամբողջացնում են մայրական սիրո բանաստեղծությունները (‹‹Մայրիկիս››, ‹‹Դարդը սրտիս, աղքատ ու խեղճ››, ‹‹Կտեսնեմ ահա լուռ երեկոյին›› և այլն):
Հայրենիքն ու հայրենականը հեքիաթի, տեսիլի և ռեալականության խաչավորումներով են պատկերվում Իսահակյանի ‹‹Ալագյազի մանիներ››-ում (1895-1917): Այստեղ հորդում է ժողովրդի կյանքն ու ոգին, ծիսային պատկերների, խնդության ու վշտի, անաղարտ սիրո և ձգտումների զգացողությունը:
Իսահակյանի Worksում ժողովրդի կենսական խնդիրները սերտորեն առնչվում են դարաշրջանի բարդ տեղաշարժերին: Բանաստեղծը տևականորեն վերապրում է ժողովրդի պատմական ու սոցիալական ծանր վիճակը: Մի կողմից` ավերի ու կոտորածի հալածող հուշեր, սպառնալից կացություն, մյուս կողմից` հասարակական առաջընթացի բնական մղում, մի կողմից` օրվա գոյության սպառնալիք, մյուս կողմից` հարատևելու հավատ: Սակայն Իսահակյանի ապրումների հակասականությունը, դառնությունների թանձրացումները երբեք չեն հանգում անհույս փլուզումների, ընդհակառակը, հավասարակշռվում են առավել հզոր տրամադրությամբ` աշխարհապաշտությամբ: Երկրային ցավերից ելք գտնելու համար Իսահակյանի որոնող ոգին մղվում է դեպի ‹‹կախարդող հեռուները››: Նրա հոգում կուտակվում են մեծ ծնունդով հղի դարաշրջանի ցավերը: Որքան էլ իրականության դժոխքը այրել է տանջել, նա երբեք չի նահանջել սեփական հավատամքից, չի հաշտվել տիրող իրավիճակի հետ (‹‹Իմ սիրտն այնտեղ է››, 1906, ‹‹Անհուն վրեժի և ատելության››, 1908): Չարիքների արմատը նա տեսնում էր սոցիալական անարդար հարաբերություններում: Ռուսական հեղափոխության նախօրեին լույս է տեսնում ‹‹Ազատության զանգ›› (1904) բանաստեղծությունը: Այս շրջանում ուժգնանում է քաղաքացիական ըմբոստ կրքով ու պաթոսով ներթափանցված մաքառման պոեզիան, որի խորքում տրոփում է ժողովրդի ազատասիրական ոգին: Մի անհայտ ուղի բանաստեղծին մշտապես տանում է տիեզերական հեռուները, և նա թափառում է երկրե երկիր: Նրա դեգերումների ներքին իմաստը ամեն դեպքում պատմական կենսահաստատ երակներ գտնելու մղումն է: Դրա գեղարվեստական մեծարժեք վկայագիրն է ‹‹Աբու-Լալա Մահարի›› պոեմը (1909-1911): Պոեմում ընթացքի մեջ են դրվում և հարաբերվում ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնական օրենքները ‹‹ջեհնեմի›› վերածված կյանքը և խռովված հոգու մղումները: Չհանդարտող ռիթմով մեկը մյուսի ետևից անցնում են կյանքի պատկերները, անդրադառնում միմյանց մեջ, և որքան արագանում է քարավանի երթը, այնքան ավելի է ուժեղանում այդ ամենի փոխակերպման ընթացքը Մահարու հայացքի առջև: Իսահակյանի հերոսը մտնում է իրականության հասարակական, սոցիալական, իրավա-քաղաքական, մարդկային-բարոյական լայն շերտերը: Ճեղքելով ու անցնելով հին ու նոր չարիքների բոլոր հորիզոնները` Մահարին, ի վերջո, փառաբանում է աշխարհի վերածնունդը: Նա անհնազանդ ոգով մերժում է գորշ իրականությունը` հանուն բարձր իդեալներով հիմնված նոր իրականության: Նրա բացասման կիրքը լեցուն է հաստատման անսպառ կորովով:
Ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է Իսահակյանի ստեղծագործությունը: Դրա վկայություններից է պոետի մեծ հետաքրքրությունը լեգենդների, հեքիաթների հանդեպ: Իսահակյանի լեգենդների սյուժեներից շատերն առնված են Արևելքի ու Արևմուտքի ժողովրդական ավանդություններից, որոնք, սակայն, իմաստավորված են սեփական ժողովրդի կենսազգացողությամբ (‹‹Շիդհարը››, 1907, ‹‹Հավերժական սերը››, 1919, ‹‹Մոր սիրտը››, 1919, ‹‹Լիլիթ››, 1921, ‹‹Սաադիի վերջին գարունը››, 1923 և այլն):
Իսահակյանը գրել է նաև ‹‹Շաքրո Վալիշվիլի›› (1906), ‹‹Գարիբալդիականը›› (1907), ‹‹Հորս գութանը›› (1912), ‹‹Համբերանքի չիբուխը›› (1928) և այլ արձակ երկեր: 1910-ին Իսահակյանը սկսել, 1912-ին ավարտել է ‹‹Ուստա Կարո›› վեպի առաջին տարբերակը և այն մշակել գրեթե ողջ կյանքում: Ժամանակագրական առումով երկն ընդգրկում է դարասկզբի Շիրակը: Վեպի էջերում ժողովրդական միջավայրից հորդող կենսասիրությունը փոխանցվում է Ուստա Կարոյին և` հակառակը: ‹‹Ուստա Կարո›› վեպի բովանդակությունը յուրատեսակ տարեգրումն է Իսահակյանի տևական մտորումների` ժողովրդի լինելության հարցերի շուրջը: Իսահակյանը խորն է ապրել հասարակական արմատական տեղաշարժերի անհրաժեշտությունը` բնականորեն հանգելով այն հաստատուն համոզմանը, որ մղձավանջային կացությունից ելքը կապվում է Հոկտեմբերյան հեղափոխության հետ: 1919-ին Իսահակյանը գրեց ‹‹Սասմա Մհեր›› պոեմը, որտեղ մարմնավորում է ժողովրդի մաքառող ոգին և ազատասիրական տենչը: Պոեմը հյուսելիս բանաստեղծը խտացրել է ոչ միայն սեփական ժողովրդի պատմական ուղու խորհուրդը, այլև ազատության և ինքնության համար մյուս ժողովուրդների մղած պայքարի հարուստ կենսափորձը:
Իսահակյանը անցյալի ու ներկայի ներքին միաձույլ համադրություններով պատկերում է ժողովրդի պատմական առաջընթացը: 1939-ին գրում է ‹‹Մեր պատմիչները և մեր գուսանները›› բանաստեղծությունը, որտեղ էպիկական շնչով իմաստավորում է ժողովրդի անընկճելի էությունը: Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին Իսահակյանը ստեղծում է հանրահայտ ‹‹Ռազմակոչ›› բանաստեղծությունը, որով վրեժի և հերոսացման է կոչում սովետական ժողովրդին: Այդ տարիներին է գրում նաև ‹‹Սիրելի հերոս Ս.Գ.Զաքիյանի անմահ հիշատակին››՚ 1942, ՙԺողովրդի երգը՚ 1943 բանաստեղծությունները, հրապարակախոսական կրքոտ հոդվածներ (ՙՖաշիզմը պիտի խորտակվի՚, 1941, ‹‹Մահ գերմանական օկուպանտներին››, 1942, ‹‹Անդրկովկասի ժողովուրդների եղբայրությունը անսասանելի է››, ‹‹Հաղթանակը պրոգրեսի կողմն է››, 1942): ‹‹Մեծ հաղթանակի օրը›› (1945) բանաստեղծությամբ Իսահակյանը փառաբանում է սովետական ժողովրդի հաղթանակը և արժանին հատուցում պատերազմի զոհերին: Ետպատերազմյան տարիներին շարունակվում է բանաստեղծի եռանդուն մասնակցությունը ժողովրդի հասարակական-մշակութային կյանքին: Նա հանդես է գալիս հրապարակախոսական նոր հոդվածներով, որոնց պաթոսը ժողովուրդների բարեկամությունն է, ստեղծագործ աշխատանքի և խաղաղության պաշտպանության գաղափարը:
Իսահակյանի գրական ժառանգության մեջ գրական-պատմական արժեք են ներկայացնում նրա հուշերը, գրականությանն ու արվեստին նվիրված հոդվածները: Իր բազմամյա գործունեության ընթացքում նա գրել է հայ դասական գրողների և արվեստի գործիչների հուշ-դիմանկարներ, թողել խորիմաստ բնութագրություններ: Իսահակյանի մասին Ա. Բլոկը ժամանակին գրել է ՙ…Թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ այժմ չկա ամբողջ Եվրոպայում՚ (Собр. Соч., т. 8 1963, стр, 455-456): Իսկ Լուի Արագոնը նրան համարել է դարի խոշորագույն բանաստեղծը:
Իսահակյանի շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են երգեր, որոնց մի զգալի մասը ժողովրդականացել է: 1975-ին հանդիսավորությամբ նշվեց բանաստեղծի ծննդյան 100-ամյակը:
Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում, նրա անունն են կրում նախկին Ղազարապատ գյուղը, հեռավոր ուղերթներ կատարող սովետական մի ջերմանավ, փողոցներ` Երևանում, Գյումրիում, Մոսկվայում և այլուր, դպրոցներ, գրադարաններ` Հայաստանի տարբեր վայրերում: Հայտնի են Իսահակյանի մեծադիր արձանները Երևանում (քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, 1965), Գյումրիում (ՍՍՀՄ պետական մրցանակ, 1977, քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան):
Իսահակյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նրա ստեղծագործությունը արժանի տեղ է գրավում համաշխարհային գրականության գանձարանում:
Հայկական հանրագիտարան, Երևան 1978, հ. 4, էջ 391-392