Ավետիք Իսահակյանի տուն - թանգարանի հավաքածուն

Թանգարանն ունի բավականին հարուստ հավաքածու: Այստեղ պահպանվում են բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող 10 հազարից ավելի ֆոնդային արժեքներ` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, քանդակներ, անձնական իրեր, բազմաթիվ վավերագրեր, այլ փաստաթղթեր, կենցաղային առարկաներ: Տարեցտարի թանգարանը համալրվում է նոր հավաքածուներով... Այս ամենը գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում է հանրությանը:

Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում բանաստեղծի հարուստ գրադարանը. այստեղ կան և’ հայերեն հին հրատարակություններ Իսահակյանի հայրական տան հին հավաքածուից, և’ օտար լեզուներով` ռուսերենով, ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով, իսպաներենով, գրքեր: Դրանք ոչ միայն համաշխարհային գրականության մեծերի ստեղծագործություններն են, այլև վերաբերում են գիտության և արվեստի ամենատարբեր բնագավառներին, որոնք գաղափար են տալիս բանաստեղծի նախասիրությունների մասին: Առանձնապես կարևոր տեղ է գրավում հին գերմաներեն գրքերի հավաքածուն: Շատ հազվագյուտ օրինակներ այսօր Հայաստանում կարելի է գտնել միայն Իսահակյանի գրադարանում: Գրքերի մի մասը հայ մեծ երախտավորների` Եղիշե Չարենցի, Գուրգեն Մահարու, Ստեփան Զորյանի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի և այլոց մակագրություններով են: Անձնական գրադարանի շատ գրքեր կրում են բանաստեղծի ինքնագիրը, բազմաթիվ են գրքերի լուսանցքներում նրա արած մատիտանշումները: Այստեղ են պահվում բանաստեղծի ստեղծագործությունների տարբերի տարիների հրատարակությունները:

   

Թանգարանն ունի բավականին հարուստ գեղանկարների ֆոնդ: Հյուրասենյակի պատերը զարդարում են հայ անվանի նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հրաչյա Ռուխկյանի, Մհեր Աբեղյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Հարություն Աճեմյանի, Վաղինակ Ասլանյանի աշխատանքները, որոնք հեղինակները նվիրել են Վարպետին: Սրանցից բացի թանգարանում պահվում են ճանաչված այլ նկարիչների բազմաթիվ գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք ոչ միայն վարպետի դիմանկարներն են, այլև արված են նրա ստեղծագործությունների թեմաներով: Հյուրասենյակի զարդն է ‹‹Սասունցի Դավիթ›› գորգը` հայ գորգագործական արվեստի լավագույն նմուշներից մեկը, որը Հայաստանի կառավարության նվերն է Իսահակյանին ծննդյան 75-ամյակի առթիվ:

Թանգարանի այցելուներն այստեղ կարող են տեսնել բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր այլ ցուցանմուշներ ևս. ցուցադրվում է Գրիգոր Զոհրապի ‹‹Կյանքը ինչպես որ է›› ժողովածուն, որը հեղինակը նվիրել է Իսահակյանին հետևյալ մակագրությամբ. ‹‹Ամենահամակրելի խորհողին ու քերթողին` Ավետիք Իսահակյանին: Պոլիս, 1912թ.››:

   

Բավականին արժեքավոր է Եղիշե Չարենցի` Իսահակյանին նվիրած չինական արձանիկը / Շոու-Սին/: Պատվանդանի տակ Չարենցը մեխով փորագրել է. ‹‹Սիրելի Ավետիքին, Չարենց, 24 /VI 1937թ.››: Փարիզում հանդիպել են Ավետիք Իսահակյանը և ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան, և բանաստեղծուհին ի հիշատակ այդ հանդիպումների` Վարպետին է նվիրել ռուսական մի սրբապատկեր: Այցելուները հետաքրքրությամբ են դիտում նաև մանրանկարիչ Էդվարդ Ղազարյանի` մանրադիտակի տակ դրված աշխատանքը. բրնձի հատիկի վրա պատկերված է Աբու- Լալան` ուղտերի իր քարավանով:

   

Հայտնի է, որ Ավետիք Իսահակյանը չափազանց մեծ հետաքրքրություն է ունեցել Արևելքի և նրա մշակույթի հանդեպ. նրա աշխատասենյակում` փոքրիկ պահարանում, ցուցադրվում է արտասահմանից բերած հնդկական և չինական արձանիկների հավաքածուի մի մասը: Այդ ինքնատիպ արձանիկները ժամանակին լուռ վկաներն են եղել Վարպետի ստեղծագործական ժամերի:

Բավականին հետաքրքիր է լուսանկարների ֆոնդը` դրանք վավերացնում են բանաստեղծի և նրա ժամանակակիցների կյանքը ապրած ժամանակի մեջ: Կենցաղային զանազան իրեր` հագուստ, կահույք, կենցաղային և կիրառական արվեստի առարկաներ, պատկերացում են տալիս Իսահակյանի ապրած կյանքի, նախասիրությունների, իր միջավայրի մարդկանց հետ ունեցած շփումների մասին: Բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կազմում են Իսահակյանի արխիվը, խոսուն վկայություններն են նրա հասարակական գործունեության: Այստեղ պահպանվում են նաև Իսահակյանի ընտանիքի անդամներին առնչվող բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ:
Մեծագույն ակնածանքով թանգարանը պահում ու պահպանում է մեծ բանաստեղծի ինքնագրերը, որոնք հավաքածուի ամենաարժեքավոր մասն են: Դրանք նամակներ են, ստեղծագործական մտահղացումներ, անտիպ գրառումներ, առանձին մտքեր: Այդ ձեռագրերը Վարպետի ստեղծագործ մտքի ու հոգու արգասիքն են, որոնք առավել ամբողջական պատկերացում են տալիս Իսահակյան բանաստեղծի, քաղաքացու, մտածողի աշխարհընկալման և ստեղծագործական աշխատանքի մասին: Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը իրականացնում է այդ ամենը պահպանելու և սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունը:

Նրա բոլոր ձեռագրերը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կոնսերվացվում են, թանգարանում վերծանվում են, թվայնացվում և պահվում թթվայնություն չունեցող հատուկ թղթերի մեջ: Բուժվում, վերականգնվում են հիվանդ, հնամաշ գրքերը, գեղանկարները: Այն ամենը, ինչը կարող է ժամանակի ավերիչ փորձությանը ենթարկվել, այստեղ մեծ հոգածության և հոգատարության առարկա է:

Լինել այս թանգարանում, տեսնել Ավ. Իսահակյանին առնչվող այս թանկ մասունքները և չհիանալ ու չհուզվել, անկարելի է: