Տուն - թանգարանի բացումը տեղի է ունեցել 1963թ. հոկտեմբերի 31-ին
1945թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում Իսահակյանին նվիրել առանձնատուն: Շենքը կառուցվում է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ` սրբատաշ սև տուֆ քարով: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռ` եռանկյունի գմբեթով, մուտք - գավիթով: Գլխավոր մուտքի կողմից` երկրորդ հարկում` քարե կամարաձև տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը: Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք: Տան հետևի մասում երկար, ընդարձակ ամառային պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին: Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում գեղեցիկ ծացկանոցներ են: 1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատում այդ տանը: Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: Շենքը ենթարկվում է մասնակի փոփոխութան. երկրորդ հարկի հետին մասում կառուցվում են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվում են: 1963թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը: Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է 2 մասից` գրական և հուշային: Հուշային մասը կազմում են առաջին հարկում գտնվող բանաստեղծի աշխատասենյակը, ննջարանը, հյուրասենյակը, ինչպես նաև գողտրիկ այգին: Այստեղ ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես եղել է նրա կենդանության օրոք:
Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է: Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, բազմոցը, անձնական իրերը` գրիչը, ակնոցը, թազբեհը, ‹‹Աղջիկը և եղնիկը›› քանդակը, քարեր Սևանա կղզուց... Այս գրասեղանի առջև են ստեղծվել Իսահակյանի վերջին բանաստեղծությունները` ‹‹Ամեն ինչ ունայն երազ անցավոր››, ‹‹Ավիկին››, ինչպես նաև ‹‹Հիշատակարանի›› մի շարք գրառումներ, հուշեր, նամակներ, հոդվածներ: Վարպետը սիրում էր առանձնանալ և աշխատել մինչև ուշ գիշեր:
Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, այստեղ էր ընդունում բանաստեղծն իր հյուրերեին, այստեղ էին սովորաբար անցկացնում գրական հավաքներ, տոնական խնջույքներ` ավանդական կարգով նշվում էին բանաստեղծի ծննդյան օրերը, Նոր տարին, Զատիկը: Այս տանը հյուրընկալվել են շատ նշանավոր մարդիկ` Պաբլո Ներուդան, Ժորժի Ամադուն, Նիկոլայ Տիխոնովը, Գեորգի Լեոնիձեն, Մաքսիմ Ռիլսկին և այլք: Այստեղ են եղել նաև մեր մշակույթի մեծերը` Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Շիրազը, Հակոբ Կոջոյանը, Սիլվա Կապուտիկյանը, վեհափառներ` Գևորգ Վեցերորդը, Վազգեն Առաջինը: Վարպետի տունը դարձել էր յուրատեսակ ուխտատեղի:
Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը` իր համեստ ու պարզ կահավորանքով: Այստեղ տպավորիչ է բանաստեղծի սնարի կողքին կախված սիրելի մոր` Ալմաստի լուսանկարը, որը միշտ անբաժան էր Իսահակյանից և որի սուրբ հայացքի ներքո էլ բանաստեղծը կնքեց իր մահկանացուն 1957թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան, քնի մեջ, ինչպես ինքն էր երազել` չզգալով մահվան պահը:
Թանգարանի բնական շարունակությունն է գողտրիկ այգին: Այգու խորքում` ստվերոտ ծառերի ներքո, տեղադրված է Ռաֆայել Իսրայելյանի նախագծած տուֆակերտ նստարանը, որը Վարպետին 80-ամյակի առթիվ նվիրել էին հայ ճարտարապետները: Քիչ հեռու բանաստեղծի 100-ամյակի նախօրեին տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:
Թանգարանի առաջին հարկի մեկ սենյակը և երկրորդ հարկի մեծ սրահը հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը: Գրական մասը ներկայացնում է Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը՝ ձեռագրեր, տարբեր տարիների հրատարակություններ, լուսանկարներ, անձնական իրեր, կարևոր վավերագրեր: Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են բազմաթիվ մարդիկ` հայ և օտարազգի: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ`գիտական ընթերցումներ, գրական երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների ‹‹իսահակյանցի›› օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները: Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են` թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը: Այս նվիրական մշակութային օջախի խորհուրդն ու առաքելությունն է պահպանել, նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը:
|
|

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:









