1930-36թթ. Ֆրանսիա

1930-36թթ Ավետիք Իսահակյանն ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում: 1930 թվականի գարնանը Իսահակյանը մեկնում է Փարիզ` ընտանիքը, ձեռագրերը բերելու: Նրան թվում էր, թե մեկ տարուց ավել չի մնա Փարիզում, սակայն հանգամանքների բերումով մինչև 1936 թիվը մնում է այնտեղ` դառնալով Հովհ. Թումանյանի հիմնադրած «Հայաստանի օգնության կոմիտեի» /ՀՕԿ/ փարիզյան մասնաճյուղի փոխնախագահը: Իսկ դա նշանակում էր մասնակցել անհամար հավաքույթների, կազմակերպել հանգանակություններ` մոխիրների միջից բարձրացող հայրենիք ուղարկելու համար: Այդ էր պատճառը, որ Փարիզը` աշխարհի այդ շքեղագույն քաղաքն, իր հրապույրներով, փարթամ կյանքով, արվեստներով ու գեղեցկությամբ չէր փարատում փարիզաբնակ բանաստեղծի տրտմությունը: Թեև գիտեր ֆրանսերեն, գիտեր հասկանալ և գնահատել ֆրանսիական և ընդհանրապես համաշխարհային մշակույթի հին ու նոր արժեքները, ուներ բազում հետաքրքրություններ և զբաղմունք, միևնույն է. բանաստեղծը երազում էր օր առաջ լինել հայրենիքում` իր ժողովրդի և սիրելի ընկերների հետ: Սիրելի′ ընթեցող, հատկապես այս տարիների պատմությունը շատ հարուստ և հետաքրքիր է ներկայացված թանգարանի մշտական ցուցադրության համապատասխան հատվածում: Լուսանկարների, ձեռագրերի, վավերագրերի ու փաստաթղթերի կողքին ցուցադրվում են նաև Իսահակյանների ընտանիքի անձնական իրեր, կենցաղային առարկաներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների մոտ: Բանաստեղծի որդին` Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում անչափ հետաքրքիր հուշեր է գրել փարիզյան այդ տարիների ամնոռաց դրվագների մասին, որոնցից մի քանի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Կիրակի է, Քոչարի հետ պիտի գնանք «Մարշե օ պյուս»/«Լվերի շուկան»/, այսպես էր անվանել փարիզեցին իր սիրած հին ու մին իրերի շուկան: Այնտեղ կարող էիր գտնել ինչ կամենայիր… Քայլում, թափառում ենք այս բացօթյա թանգարանում, որտեղ ուղղակի գետնի վրա դրված էին հին թե նոր, անվթար, թե կոտրված զանազան իրեր`կարի մեքենաներ, կահույք, հայելիներ, հին զենքեր, մոմակալներ, արձանիկներ և այլն: Ասում էին, թե մեկն այստեղ գտել է «Ստրադիվարիուս» ջութակ: Բախտ որոնողները շատ էին. նրանց թվում կային և արվեստի հմուտ գիտակներ: Գնեցինք մի քանի իրեր: Քոչարը հանկարծ քարացած կանգ առավ: Նշմարել էր փոշիների տակ թաքնված մի կտավ: Ներքին զգացողությամբ հասկացել էր, որ սա մի արժեքավոր գործ պիտի լիներ: Անտարբեր, զսպելով իր հուզմունքը, վաճառողից հարցրեց նկարի գինը: Շատ բարձր չէր. անմիջապես, առանց սակարկելու վճարեց ու նկարը թևի տակ դրած` արագ հեռացավ: Նստեցինք մետրո և ուղիղ` Քոչարի արվեստանոցը: Այնտեղ Քոչարը մի հատուկ հեղուկի մեջ թաթախված բամբակով սկսեց կտավը մաքրել… Քոչարը հետաքրքրությամբ որոնում էր հեղինակի ստորագրությունը: Մաքրեց նկարի ցածի աջ կողմը, ոչինչ չկար, փորձեց ձախ կողմը և երևաց «C» տառը, մի քիչ հետո ամբողջությամբ «Կուրբե» ազգանունը: Չի կարող պատահել, մի˚թե նշանավոր նկարիչ Գյուստավ Կուրբեի գործը, Փարիզի 1871թ. կոմունայի հերոսի կտավը: Անգնահատելի գործ էր. մեր հավատը չէր գալիս:
Քոչարը դիմեց փորձագետներին. նրանք հաստատեցին իսկությունը և նաև մեծ արժեքը: Քոչարը Փարիզում այս կտավը կախել էր իր գործերի կողքին և ոչ մի պայմանով չէր համաձայնում վաճառել այն, մինչև անգամ դրամական նեղության դեպքում: Քոչարն այս նկարը բերեց իր հետ Հայաստան: Այսօր այդ կտավը մեր Պետական պատկերասրահի լավագույն գործերից մեկն է»: «Հայրս որոշել էր մի տխուր այցելություն կատարել. տեսնել Կոմիտասին, որն ավելի քան տասը տարի ապրում էր աշխարհից մեկուսացած մի հոգեբուժարանում` «Վիլժույիվ» անունը կրող փարիզյան արվարձաններից մեկում:
Այցելությունը նախաձեռնեց մեր հարևանուհին` օրիորդ Մարգարիտա Բաբայանը` Կոմիտասի երբեմնի աշակերտուհին: Նույն օրը, երեկոյան ընթրիքի պահին, ես խնդրեցի հորս և մորս, որ պատմեն իրենց այցելության մասին: Մայրս հուզված լռում էր: Հայրս պատմեց, որ հեշտությամբ գտան բուժարանը…Գլխավոր բժիշկը ուղեկցել էր նրանց Կոմիտասի սենյակը… Կոմիտասը կանգնած էր լուսամուտի մոտ և նայում էր պարտեզին` հետևելով հիվանդների խաղերին: Շուռ էր եկել, ճանաչել էր հորս և ասել. «Դու˚ ես, Ավետիք, որտե˚ղ էիր, այդ ինչու˚ այդքան ուշացել ես»: Նայել էր Մարգարիտային և նույնը հարցրել:
Մարգարիտան պապանձվել էր, բան չէր կարողացել ասել, լաց էր եղել, համբուրել Կոմիտասի ազնվական ձեռքերը: Իր ձեռքով ասեղնագործած թաշկինակներ էր բերել, դրել Կոմիտասի ծնկներին: Հայրս շատ էր հուզվել, արցունքները չէր կարողացել թաքցնել: Ճանապարհին գնած կարմիր խնձորները դրել էր սեղանին և ասել. «Կոմիտաս, հիշու˚մ ես Էջմիածինը, լիճը, ամառվա շոգին լողանում էինք…»: Կոմիտասը նայել էր հորս, տխուր ժպտացել, մի քանի քայլ էր արել, մոտեցել էր սեղանին, իր դալուկ մատներով շոյել էր ալ խնձորները և հանկարծ, դառնալով դեպի հորս, մտահոգված հարցրել էր. «Ավետիք, որտե˚ղ են թղթերս, գրվածքներս, որտե˚ղ են, այրվե˚լ են, այրվե~լ… ամենուրեք կրա~կ, արյու~ն …»: Հայրս հուզմունքը հաղթահարելով, ասել էր. «Թղթերդ այնտեղ են` Էջմիածնում, քո սենյակում, դաշնամուրդ էլ այնտեղ է` լավ պահպանված»: Այնտեղ բոլորը քեզ են սպասում …Գարունը կգաս, անպայման կգաս»:
Կոմիտասը թերահավատ լսել էր, միամիտ ժպտացել, կարծես ուրախացել էր : Սակայն մի ակնթարթում ամեն ինչ փոխվել էր, հոգին մռայլվել, դեմքը դարձել էր վշտով լի, ողբերգական, շուռ էր եկել, ճակատը հպել էր փափուկ պատին` ձեռքով նշաններ անելով, որ հեռանան…Հայրս վերջացնում էր խոսքը, երբ դուռը թակեցին:
Մարգարիտան էր, տակավին լաց էր լինում… Բերել էր հետը մի ալբոմ` Կոմիտասի և երգչախմբի դեղնած լուսանկարներով: Պատմում էր այն երջանիկ տարիներից, երբ Կոմիտասը երգչախմբով շրջել էր Եվրոպայով մեկ և ամենուրեք` Վիեննայում, Բեռլինում, Հռոմում, իրենց համերգներով զարմացրել երաժշտական աշխարհին: Կոմիտասն աշխարհի առջև բաց էր արել հայ երաժշտության գանձերը»:

Վենետիկում...

1921-1926 թվականներին Իսահակյանն ընտանիքով ապրել է Վենետիկում: Այս տարիները շատ հետաքրքիր էին թե′ ստեղծագործական, թե′ անձնական շփումների և ծանոթությունների առումով: Կյանքի վենետիկյան շրջանում Իսահակյանն ապրում էր ժամանակի բերած տխուր և ուրախ լուրերով ու հանդիպումներով: Այստեղ է, որ տեղեկանում է սիրելի ընկերոջ` Հովհ. Թումանյանի մահվան մասին, Վենետիկում է լսել նաև Ալեքսանդր Մյասնիկյանի մահվան գույժը: Այստեղ է հանդիպում և մտերմանում Սարյանի, Չարենցի և Սպենդիարյանի հետ: Հարգելի ընթերցող վենետիկյան այդ շրջանի մասին հետաքրքիր նյութեր կան նաև Վարպետի տուն-թանգարանում:
Այդ տարիների մասին ահա թե ինչ է գրել բանաստեղծի որդին` Վիգեն Իսահակյանը: «Հայրս սիրեց փոքրիկ պարտեզով մեր տունը, որը ժամանակին պատկանելիս է եղել մի բավական հեղինակավոր քանդակագործի` պարոն դե Մարքիին: Այս տանը մենք ապրեցինք վեց տարի: Հորս աշխատասենյակը երկրորդ հարկում էր…Սենյակում էր հորս գրասեղանը և մի թախտ: Հայրս պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը և իր սիրելի մոր` Ապլայի պատկերը: Այստեղ հայրս գրեց իր ստեղծագործություններից մի քանի ընտիր գոհարներ, ինչպիսիք են «Ռավեննայում» կամ էլ «Հայրենիքիս»: Այս սեղանին գրեց իր անկրկնելի «Լիլիթը» նաև մի սիրային բանաստեղծություն` ներշնչված Ռիալտո կամրջին հանդիպած մի անծանոթ վենետիկուհով, մշակեց «Սասմա Մհեր» պոեմը:
Հրատարակեց բանաստեղծական մի նոր ժողովածու`«Աշնան ծաղիկներ» վերնագրով: Հորս ստեղծագործական կրակը կարծես նորից արթնացել էր»:

ՄԻ ԱՆԳԱՄ...

Ժնևում բացվել էր Ռոդենի անհատական ցուցահանդեսը:
Ավ Իսահակյանը ընկերների և որդու` Վիգենի հետ գնացել էին ցուցահանդեսը դիտելու: «Նայիր նրան, դու բախտ ունես տեսնելու մեր ժամանակների միակ արձանագործին, որն իր տաղանդով կարողացել է հավասարվել անտիկ աշխարհի և Վերածննդի հանճարեղ քանդակագործներին»,-ասաց հայրս:
«Հայրս շատ ուզեց Ռոդենին հայտնել իր հիացմունքը»,-գրում է Վիգեն «Մոտեցանք, նայում էր նրան. մի ամրակազմ, սև մորուքով մարդ էր, որը չնայած տարիքին, աշխույժ էր և կենսունակ:
Ռոդենը ռուսներրի հետ որոշ բառեր փոխանակում էր ռուսերեն` մի քիչ գիտեր, ունեցել էր Ռուսաստանից եկած աշակերտներ, որոնց թվում էին նաև մեր հայրենակից Հակոբ Գյուրջյանը, ապագա անվանի արվեստագետ Գոլուբկինան և ուրիշներ:
Այս ցուցահանդեսը նրա կենդանության օրոք երևի վերջին ցուցահանդեսը պիտի լիներ:
Մի քանի ամիս անց նրա մահվան լուրը ցնցեց ողջ գեղարվեստի աշխարհը:

«Պարոն Իսահակյան, գտեք ինձ համար մի քանի ֆրանկ…»

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վտարանդիության մի նոր ալիք հասավ Ժնև: Նրանք հիմնականում քաղաքական գործիչներ էին, մեծահարուստներ, անվանի գրողներ, դերասաններ, ինչպես նաև սովորական մարդիկ: Իրենց գոյությունը պահելու համար նրանք պատրաստ էին ամեն տեսակ աշխատանքի: Վիգեն Իսահակյանը հիշում է մի հետաքրքիր պատմություն. ոմն Պետրոս իր հնարամտությամբ նորություն մտցրեց եվրոպացիների սննդի մեջ: Պետրոսը` նախկին ցարական բանակի զինվորը, առանց մի գրոշ գրպանում ունենալու, հայտնվում է Ժնևում: Սակայն լավատես էր, որովհետև մի շատ հետաքրքիր միտք էր հղացել.«Պարոն Իսահակյան, գտեք ինձ համար մի քանի ֆրանկ և կտեսնեք` շուտ, շատ շուտ ես հարուստ մարդ կդառնամ»:
Իսահակյանը մի քանի ֆրանկ պարտք է վերցնում ու տալիս Պետրոսին: Պետրոսը մի բանուկ փողոցում` համալսարանի մոտ, գտնում է մի լքված խանութ, վարձակալում համապատասխան գույք և գործի անցնում: Նա պատրաստում է մածուն, որն անվանել էր «յոհուրդ»: Խանութի ճակատին էլ ամրացրել էր մի ցուցանակ` վրան գրված «Յոհուրդ Արարատ. Ֆաբրիկանտ Պետրոս»: Սկզբում Պետրոսը պատրաստում է մի քանի բաժակ ու սպասում հաճախորդների` հիմնականում համալսարանականների: Եվ երբ ֆրանսիացիք ճաշակում են մածունը, շատ են հավանում: Նրանց հաջորդում են ուրիշները`այդ թվում, հայեր: Շատ չանցած մի քանի գիտնականներ ուսումնասիրություններ են գրում կաթնաթթվի բուժիչ հատկությունների մասին, և Պետրոսն ու իր մածունը դառնում են հանրաճանաչ: Ուրիշ երկրներ էլ են ընդունում այս նորամուծությունը, և Պետրոսը իսկապես հարստանում է: Գործը ընդլայնում է, գործարան բացում և իր արտադրանքը մատակարարում է բազմաթիվ հյուրանոցների և ճաշարանների:

«Նեմեսիս»

Ավ. Իսահակյանն իր մասնակցությունն է ունեցել «Նեմեսիս» (բառացի թարգմանությամբ` «Արդար վրեժ») օպերացիային:
Այս մասին տեղեկություն է տալիս նաև բանաստեղծի որդին` Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում.
«Ժնևի մեր տունը դարձել էր այստեղ ապաստանած հայերի համար մի տեսակ հոգևոր կենտրոն: Առավոտվանից ծանոթ-անծանոթ գալիս էին հորս տեսության` մի խորհուրդ ստանալու, մի մխիթարական խոսք լսելու… Շատ էին գերությունից ազատված նախկին հայ զինվորները, նրանց մեջ կային Հայ հեղափոխական դաշնակցությանը հարող հայրենասեր տղաներ, որոնք ծրագրում և նախապատրաստում էին հայ ազգի դահիճ Թալեաթ փաշայի սպանությունը:
Հորս հանձնարարված էր տեղեկություններ հավաքել նրա տեղաշարժերի վերաբերյալ, իմանալ ծածկանունները:
Թալեաթը զգում էր, որ արդար հատուցման ժամը գալու է, և ընդհատակ էր անցել»:
Գերմանիայում Իսահակյանը հանդիպել է Սողոմոն Թեհլերյանին: Միասին զննել ու ստուգել են Թալեաթի լուսանկարները: Եվ որքան էլ ծպտված ու կերպարանափոխված լիներ մարդասպանը, միևնույն է, Իսահակյանը ճանաչում և հաստատում է, որ դիմացի շենքի կասկածյալ «վաճառականը» հենց ինքը` Թալեաթն է: Այս ամենից հետո 1921թ. մարտի 15-ի առավոտյան` ժամը 11-ին, Սողոմոն Թեհլերյանը ատրճանակից արձակած անվրեպ գնդակով Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարտենբերգ պողոտայի սալաքարերին փռեց հայ ժողովրդի դահճապետ Մեհմեդ Թալեաթի դին:

«Աբու-Լալա Մահարի»

«Աբու-Լալա Մահարի» պոեմը Ավ. Իսահակյանը գրել է 1909թվին, իր հայրենի գյուղում` Ղազարապատում, ընդամենը երեք գիշերվա ընթացքում:
Պոեմի վերջնական, հանրածանոթ տարբերակը Իսահակյանը սկսել է գրել 1909 թվականի օգոստոսի 30-ին, ավարտել` 1910 թվականի ապրիլի 4-ին:
Հետաքրքիր է պոեմը հղանալու պատմությունը, որի մասին գրականագետ Արամ Ինճիկյանին պատմել է ինքը` Իսահակյանը. «…Բանտից դուրս էի եկել գրավականով, բայց դեռ դատի տակ էի: Ալեքպոլից գնացքով Երևան էի գալիս:
Նահանգական վարչության կողմից կանչված էի հարցաքննության:
Մեքենավարը ծանոթ գյումրեցի էր, անցել էի մոտը, կանգնել լոկոմոտիվի վրա, նայում էի հեռուն` առաջ սուրացող գնացքի ուղղությամբ ու խորհում էի` գնացքն այսպես սուրար միշտ, անդադրում, տաներ ինձ հեռու, բոլոր պետություններից, իշխաններից ու օրենքներից, դատից ու դատարանից հեռու, հեռու…
Եվ երբ գնացքը Սարդարապատի անապատը մտավ, կիսամթնում հորիզոնի վրա ուրվագծվեց ուղտերի մի քարավան, «Աբու-Լալայի» պատկերը պատրաստ էր…»:
«Աբու-Լալա Մահարի» պոեմը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով: Այն ներշնչանքի աղբյուր է դարձել նաև շատ արվեստագետների, հատկապես նկարիչների համար:
Թանգարանում ցուցադրվում են անվանի գեղանկարիչներ` Հր. Ռուխկյանի, Ալ. Գրիգորյանի, Հ. Մամյանի, Ռ. Աթոյանի, ինչպես նաև այցելուներին զարմանք ու հիացմունք պատճռող մանրանկարիչ Էդվարդ Ղազարյանի` բրնձի հատիկի վրա արված հրաշալի մանրաքանդակ աշխատանքը:

«Ո´չ, դու չես մեռել...»

Թանգարանում ցուցադրվում է Ավ. Իսահակյանի ձեռագիր բանաստեղծությունը` նվիրված իր սիրելի ընկերոջը` Վահան Տերյանին. «Ո´չ, դու չես մեռել...»
1904 թվականին` մարտին, Իսահակյանն առաջին անգամ եղել է Մոսկվայում և Լազարյան ճեմարանում ծանոթացել Վահան Տերյանի հետ:
Հանդիպման ժամանակ ճեմարանցիները շրջապատել են Իսահակյանին, իսկ Տերյանը լուռ և անխոս կանգնել է հեռու և նայել «Երգեր ու վերքերի» հեղինակին: Հետագայում նրանք բազմիցս հանդիպել են, մտերմացել:
1909 թ. ամռանը Վ. Տերյանը հյուրընկալվել է Ալեքպոլում: «…մի քանի օր հյուր մնալով` կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» շարքը: Ես էլ գրել էի «Աբու Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, Մահարու հակիրճ կենսագրությունում, փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ: Գրել էի այսպես. «…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան` ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա-գաղտնի հեռացավ քաղաքից…»: Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա: Այդ նկատողությունն այն ժամանակ խելքիս նստեց և փոխելով`նախերգանքին տվի այն ձևը, ինչ որ այնուհետև հայտնի է հասարակությանը»:
Թանգարանի մշտական ցուցադրության համապատասխան ստենդում տեղ են գտել այս դիպվածների հետ կապված ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր:

Ավ. Իսահակյանը ֆիդայական շարժումը երգող առաջին բանաստեղծն է

Թանգարանում ցուցադրվում են «Դրոշակ» թերթի համարներից, «Հայդուկի երգերից» շարքի ձեռագրերից և ֆիդայիների լուսանկարներից:
Դեռևս 1896 թ. նա սկսում է գրել «Հայդուկի երգերից» շարքը: Ֆիդայական այդ երգերը ստեղծվեցին պատմական իրադարձություններին զուգահեռ, որոնցում արտացոլվում և փառաբանվում էին ազգային-ազատագրական պայքարն ու այդ պայքարի քաջարի հերոսները, ժողովրդի անպարտելի ոգին, կամքն ու օրեցօր ահագնացող ցասումը: Ցավոք, Իսահակյանը հնարավորություն չուներ այդ բանաստեղծությունները հայրենիքում տպագրելու, քանի որ ռուսական գրաքննությունն արգելում էր` իր խստության սլաքն ուղղել էր հատկապես ազգային-ազատագրական պայքարի ուղղությամբ: Այդ պատճառով էլ, 1899 թվից սկսած, այդ բանաստեղծությունները լույս էին տեսնում հայրենիքից հեռու` Ժնևում` «Դրոշակ» թերթում`«Հայ գուսան» կեղծանունով: Ցավոք, այս շարքը երկար ժամանակ անտիպ ու անհայտ է եղել մեզանում: Սակայն 1990 թվին, Իսահակյանի թոռան` Ավիկ Իսահակյանի նախաձեռնությամբ «Հայդուկի երգեր» շարքը լույս տեսավ առանձին գրքով:

Ալիշանի ինքնագիրը

Դուք կտեսնեք Ալիշանի ինքնագիրը
Սիրելիներս, եթե այցելեք Վարպետի տուն-թանգարան, դուք կարող եք տեսնել և´ Սուրբ Ղազար կղզու մանրակերտը, և´ գրքեր` տպագրված Մխիթարյան միաբանությունում, ինչպես նաև Ղևոնդ Ալիշանի լուսանկարը, որ Իսահակյանի համար շատ թանկ հիշատակ էր: Այդ նկարը նա գնել էր վանքի տպարանից և խնդրել, որ Ղևոնդ Ալիշանն իր անունը գրի նկարի ներքո. դուք կտեսնեք նաև Ալիշանի ինքնագիրը:
18-րդ դարում`1715թ. աբբահայր Մխիթար Սեբաստացու խնդրանքով Վենետիկի Հանրապետական ծերակույտը 1717թ. օգոստոսի 26-ի պայմանագրով Ս. Ղազար կղզին շնորհել է Մխիթարյան միաբանությանը: 19-րդ դարի սկզբին, երբ ֆրանսիական կայսրությունը վերացրել է իր տիրապետության տակ գտնվող բոլոր կրոնական միաբանությունները, Նապոլեոն Առաջին Բոնապարտ կայսեր 1810 թ. օգոստոսի 10-ի հրամանագրով Ս.Ղազարի միաբանությունը ճանաչվել է գիտական մարմին` «Հայկական ճեմարան» պատվավոր կոչումով:
1901թ. Իսահակյանը Վիեննայից մեկնում է Վենետիկ` Ս.Ղազար կղզի`Մխիթարյանների վանքը տեսնելու, Մխիթարյանների` հայագիտությամբ հարուստ գրադարանից օգտվելու: Հենց այստեղ էլ Իսահակյանը հանդիպում և ծանոթանում է հայության պաշտելի ու սիրելի Ղևոնդ Ալիշանին:
Երբ մեկնում էր Վենետիկից, Իսահակյանը կրկին գնում է Ալիշանի մետ` նրան տեսնելու և հրաժեշտ տալու: Ալիշանը օրհնում է, բարեմաղթում և ողջույն ուղարկում Խրիմյան Հայրիկին` ասելով. «Ինձմեն հարյուր օրով մեծ է ան, բայց կըսեն, որ շատ առույգ է, ձի կնստի. հարկավ այդպես է. ան Մասիսի հովին տակ կքնանա, Արաքսի ջուրը կխմե, Հայաստանի հացը կուտե, անոր հողի ուժը կառնե…»:

«Թե ինչպես մեզ չհաջողվեց բանաստեղծին գյուղատնտես դարձնել»

Մի անգամ …
Ավ. Իսահակյանի ուսանողական ընկեր, անվանի գյուղատնտես, իսկ հետագայում գրող-երգիծաբան Աշոտ Աթանեսյանն իր «Թե ինչպես մեզ չհաջողվեց բանաստեղծին գյուղատնտես դարձնել» ուսանողական հուշերում պատմում է, որ մտածելով, թե կկարողանա Իսահակյանին համոզել զբաղվել գյուղատնտեսությամբ`հետագայում իր հայրենի բնաշխարհին`Շիրակին, օգտակար լինելու համար, հրավիրում է նրան Օբերհոլց, ուր Լայպցիգի համալսարանն ուներ մեծ և ընդարձակ գյուղատնտեսական փորձադաշտ, որտեղ ուսանողները կատարում էին հետազոտական աշխատանքներ: Սակայն երիտասարդ Իսահակյանը հրաժարվում է` պատասխանելով, որ ինքը բանաստեղծ է: - Ի՞նչ, բանաստե՞ղծ եք, բայց Շիրակին բանաստեղծություն չէ հարկավոր, այլ հաց,- ասաց ընկերս: - Բանաստեղծությունն էլ հաց է, հոգևոր հաց,- ասաց և շեշտակի նայեց մեզ վրա: Տարիներ անց, Իսահակյանը, չիմանալով, որ Աթանեսյանը հուշեր է գրել, գրականագետ Արամ Ինճիկյանին պատմել է հետևյալը. «Օբեր-Հոլցում գյուղատնտեսության ուսանող Աշոտ Աթանեսյանը փորձեր էր կատարում: Մի օր նա ինձ հրավիրեց, որ ես էլ գյուղատնտես դառնամ: Այդտեղ գրեցի «Մաճկալ ես, բեզարած ես…» բանաստեղծությունը: Եվրոպայի գյուղական միջավայրում մերն եմ հիշել, վերապրել…»

1893 թվականին, երբ երիտասարդ Իսահակյանը մեկնում էր Գերմանիա, Լայպցիգի համալսարանում ուսանելու, նա ընդամենը տասնութ տարեկան էր

Գիտե՞ք, որ…
1893 թվականին, երբ երիտասարդ Իսահակյանը մեկնում էր Գերմանիա, Լայպցիգի համալսարանում ուսանելու, նա ընդամենը տասնութ տարեկան էր: Ճեմարանում նա ջանասիրաբար սովորում էր գերմաներեն: Այդ պատճառով էլ Գերմանիայում հայտնվելով, նա արդեն գիտեր կարդալ, գրել և իր ֆենոմենալ հիշողության շնորհիվ բավական շուտ սկսում է խոսել գերմաներեն: Գերմանիայում առաջին տարին նրա հետ էր նաև Մանուկ Աբեղյանը: Երիտասարդնարը գիտեին, որ Լայպցիգի համալսարանին կից գործում է «Հայ ուսանողների միությունը». և նրանք անդամագրվելով հայտնվում են կարծես հարազատ մարդկանց միջավայրում` ձեռք բերելով նոր ընկերներ` Կարապետ Մելիք -Օհանջանյան /ապագա ակադեմիկոս, «Սասնա Ծռեր» էպոսի լավագույն գիտակ/, Գևորգ Չեորեքչյան /ապագա Ամենայն հայոց կաթողիկոս/, ճեմարանական իր հին ընկերներից` Լևոն Սեղբոսյան /ապագա մեծ գրող Լևոն Շանթ/ և այլք: Այս օժտված և շնորհալի երիտասարդների օգնությամբ Իսահակյանն իրեն մենակ չզգաց այն քաղաքում, որտեղ 1765 թվին նույն համալսարանում սովորել էր տասնվեցամյա Գյոթեն: Գերմանիայում Լայպցիգն առաջին տեղն էր գրավում էր գրքի հրատարակման և առևտրի բնագավառում: Տարեկան երեք անգամ Լայպցիգում անց էին կացվում գրքի մեծ տոնավաճառներ, և քաղաքն իր հրապարակներով, փողոցներով ու զբոսայգիներով վերածվում էր մի հսկայական գրքի շուկայի: Դժվար չէ պատկերացնել, թե երիտասարդ Ավետիքն ինչ հաճույքով ու հետաքրքրությամբ է օրեր շարունակ շրջել գրքերի այդ զարմանահրաշ աշխարհում: Հենց այդ տարիներին էլ Իսահակյանը գնել է բազմաթիվ գերմաներեն գրքեր, որոնք այսօր պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում և զարդարում են Իսահակյանի անձնական գրադարանը:
Սիրելի´ այցելուներ, բոլորիդ հրավիրում ենք թանգարան, որտեղ դուք կարող եք տեսնել այդ հնատիպ և արժեքավոր գրքերը

Ավետիք, մենք էլ չդառնա՞նք սուրբ հայրեր

Մի անգամ…
Ավետիք, մենք էլ չդառնա՞նք սուրբ հայրեր Իսահակյանը, Չարենցի և որդու`Վիգենի հետ այցելում է Սուրբ Ղազար: Բանաստեղծները խորին հուզմունքով և ակնածանքով մտնում են Հայր Ղևոնդ Ալիշանի և լորդ Բայրոնի խցերը: Հետագայում Վիգեն Իսահակյանը մտաբերում է. «Չարենցը, տեսնելով այս բազմախորհուրդ վայրերը, դիմեց հորս.- Ավետիք, մենք էլ չդառնա՞նք սուրբ հայրեր, այստեղ կունենանք տուն, տեղ, սնունդ, հարուստ գրադարան և մի լավ տպարան մեր տրամադրության տակ: Էլ ի՞նչ կարող ենք երազել: Խաղաղ կապրենք աշխարհից հեռու և մեր բանաստեղծությունները կհորինենք»: Հայրս պատասխանեց. «Լավ միտք է, ես մտածել եմ այդ ուղղությամբ, և կարող է պատահել, որ սուրբ հայրերը ինձ ընդունեն իրենց միության մեջ, բայց քեզ` երբեք, դու վատ համբավ ունես, որպես անաստված»: Այս երկխոսությունից հետո, որը շատ զվարճացրեց ներկաներին, հայրերը մեզ հրավիրեցին մասնակցելու իրենց կիրակնօրյա ճաշին»: